Կանոններ

Կանոններ

Հաստատված է՝

«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊ ընկերության միակ մասնակցի

16.03.2026թ. թիվ 3 որոշմամբ

 

 

«ԴԻՋԻԹԱԼ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ

 

ՀԱՇՏԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀՀ, ք․ Երևան, 2026թ․

 

Բովանդակություն

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Կենտրոնի մասին

Հոդված 2. Կանոնների կիրառության շրջանակը

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

Գլուխ 2. Հաշտարարության հիմնական սկզբունքները

Հոդված 1. Կամավորության սկզբունքը

Հոդված 2. Գաղտնիության սկզբունքը

Հոդված 3. Կողմերի հավասարության սկզբունքը

Հոդված 4. Հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքը

Գլուխ 3. Հաշտարարության սկիզբը

Հոդված 1. Հաշտարարության նախաձեռնումը

Հոդված 2. Սկիզբը՝ նախնական համաձայնության առկայությամբ

Հոդված 3. Նախաձեռնումը՝ նախնական համաձայնության բացակայությամբ

Հոդված 4. Պարտադիր հաշտարարության առանձնահատկությունները

Գլուխ 4. Հաշտարարի ընտրությունը, նշանակումը և պատասխանատվությունը

Հոդված 1. Հաշտարարի ընտրությունը և նշանակումը

Հոդված 2. Շահերի բախման բացահայտումը

Հոդված 3. Համահաշտարարությունը

Հոդված 4. Հաշտարարի պարտականությունները

Հոդված 5. Այլ մասնակիցները

Գլուխ 5. Հաշտարարության գործընթացի իրականացումը

Հոդված 1. Հաշտարարության ընթացակարգը

Հոդված 2. Հաշտարարության վայրը և լեզուն

Հոդված 3. Առցանց հաշտարարությունը

Հոդված 4. Հաշտարարության առաջին հանդիպումը

Գլուխ 6. Հաշտարարության գործընթացի ավարտը

Հոդված 1. Հաշտարարության ավարտ

Հոդված 2. Հաշտության համաձայնություն

Գլուխ 7. Գաղտնիությունը

Հոդված 1. Ընդհանուր կանոն

Հոդված 2. Գաղտնիության բացառությունները

Գլուխ 8. Պատասխանատվության սահմանափակումը

Գլուխ 9. Եզրափակիչ դրույթներ

Հավելված 1. Հաշտարարության ծախսերը և այլ վճարներ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հաշտարարությունը (mediation) հանդիսանում է վեճերի լուծման ժամանակակից, արդյունավետ և լայնորեն ընդունված մեխանիզմ, որը կիրառվում է բազմաթիվ պետություններում՝ որպես դատարաններին լրացնող կամ այլընտրանքային գործիք։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտարարությունը նպաստում է վեճերի արագ, ծախսարդյունավետ և համագործակցային կարգավորմանը, ինչպես նաև դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։

Սույն կանոնների մշակման ընթացքում հաշվի են առնվել ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) մոդելային օրենքի դրույթները, Եվրոպական միության 2008/52/EC Դիրեկտիվի սկզբունքները, ինչպես նաև առաջատար միջազգային հաշտարարական կենտրոնների պրակտիկան։ Միաժամանակ, կանոնները լիովին համահունչ են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ուղղված են հաշտարարության ինստիտուտի արդյունավետ և վստահելի կիրառման ապահովմանը։

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1․ Կենտրոնի մասին

  • «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մշտապես գործող հաշտարարական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) հիմնական նպատակն է կազմակերպել և ապահովել վեճերի լուծման արտադատական՝ հաշտարարության գործընթացի իրականացումը։
  • Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է որպես «Հաշտարարության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ռեեստրում գրանցված մշտապես գործող հաշտարարական հաստատություն, որն ունի հրապարակված հաշտարարության կանոններ (այսուհետ՝ Կանոններ) և արտոնագրված հաշտարարների ցանկ։
  • Հաշտարարությունն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված հաշտարարների կողմից, ովքեր վեճը լուծում են Կանոններին համապատասխան։
  • Կենտրոնի գործունեության նպատակներն են՝ քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, ապահովագրական և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ իրավահարաբերություններից ծագող վեճերի արտադատական կարգավորումը, դատարանների կողմից ուղեգրված գործերով հաշտարարության կազմակերպումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հաշտարարության ինստիտուտի զարգացմանը, մասնագիտական չափանիշների պահպանմանը և հանրային վստահության ամրապնդմանը նպաստելը։
  • Կենտրոնը չի հանդիսանում դատական կամ վարչական մարմին, չի իրականացնում արդարադատություն և չի կայացնում պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումներ։ Կենտրոնի շրջանակում իրականացվող հաշտարարությունը հիմնված է կողմերի ինքնավար կամարտահայտության և փոխադարձ համաձայնության վրա։
  • Կենտրոնն ապահովում է հաշտարարության գործընթացի կազմակերպչական և ընթացակարգային աջակցությունը, ներառյալ հաշտարարների ընտրության կամ նշանակման կազմակերպումը, հանդիպումների կազմակերպումը և գործընթացի փաստաթղթային ձևակերպման աջակցությունը՝ օրենքով թույլատրելի շրջանակում։
  • Կենտրոնը չի հանդիսանում հաշտության համաձայնության կողմ և պատասխանատվություն չի կրում կողմերի միջև ձեռք բերված համաձայնության բովանդակության, դրա իրավական գնահատման կամ հետագա կատարման համար, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
  • Կենտրոնի կողմից հաստատված սույն Կանոնները պարտադիր են Կենտրոնի միջոցով իրականացվող հաշտարարության բոլոր մասնակիցների համար։

Հոդված 2․ Կանոնների կիրառության շրջանակը

  • Սույն Կանոնները կիրառվում են Կենտրոնի միջոցով իրականացվող բոլոր հաշտարարությունների նկատմամբ՝ անկախ դրանց նախաձեռնման հիմքից (կամավոր, պարտադիր կամ դատական ուղեգրմամբ)։
  • Կանոնները տարածվում են քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, ապահովագրական և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ իրավահարաբերություններից ծագող վեճերի վրա։
  • Սույն Կանոնները պարտադիր են հաշտարարության բոլոր մասնակիցների՝ ներառյալ հաշտարարների, կողմերի և այլ ներգրավված անձանց համար։
  • Կանոններով չկարգավորված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Հոդված 3․ Հիմնական հասկացությունները

Սույն Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

  • Հաշտարարություն – վեճերի լուծման արտադատական, կառուցողական և գաղտնի գործընթաց, որի ընթացքում կողմերը, անկախ և անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի աջակցությամբ, ձգտում են փոխադարձ ընդունելի հաշտության համաձայնությանը։
  • Հաշտարար – ֆիզիկական անձ, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է արտոնագրված հաշտարարի կարգավիճակ և նշանակվել է սույն Կանոններին համապատասխան հաշտարարություն իրականացնելու համար։
  • Կողմեր – ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, որոնց միջև առաջացել է վեճ և որոնք մասնակցում են հաշտարարության գործընթացին։
  • Հաշտարարության վերաբերյալ համաձայնություն – կողմերի միջև կնքված գրավոր համաձայնություն՝ պայմանագրի համապատասխան դրույթի կամ առանձին փաստաթղթի ձևով, որով նախատեսվում է վեճի հաշտարարությամբ լուծումը։
  • Հաշտության համաձայնություն – հաշտարարության արդյունքում կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնություն, որով կարգավորվում է նրանց միջև առկա վեճը։
  • Պարտադիր հաշտարարություն – օրենքով կամ դատարանի կողմից նախատեսված դեպքերում իրականացվող հաշտարարություն՝ մինչև կամ դատական վարույթի ընթացքում։
  • Օրենք – «Հաշտարարության մասին» ՀՀ օրենք։

Գլուխ 2. Հաշտարարության հիմնական սկզբունքները

 

Հոդված 1․ Կամավորության սկզբունքը

  1. Հաշտարարությունը հիմնված է կողմերի կամավոր մասնակցության վրա, բացառությամբ օրենքով նախատեսված պարտադիր հաշտարարության դեպքերի։
  2. Կողմերն իրավունք ունեն ցանկացած փուլում դադարեցնել հաշտարարության գործընթացը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 2․ Գաղտնիության սկզբունքը

  1. Հաշտարարության գործընթացը և դրա շրջանակում ստացված տեղեկատվությունը գաղտնի են։
  2. Հաշտարարության ընթացքում ներկայացված առաջարկները, դիրքորոշումները և քննարկումները չեն կարող օգտագործվել որպես ապացույց որևէ դատական կամ այլ վարույթում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  3. Հաշտարարը իրավունք ունի հրաժարվել հաշտարարության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ ցուցմունք տալուց՝ օրենքով սահմանված կարգով։
  4. Կողմերը և հաշտարարը պարտավոր են չբացահայտել գաղտնի տեղեկատվությունը երրորդ անձանց, եթե օրենքով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։

Հոդված 3․ Կողմերի հավասարության սկզբունքը

  1. Հաշտարարության ընթացքում ապահովվում է կողմերի հավասար մասնակցությունը և իրենց դիրքորոշումները ներկայացնելու հավասար հնարավորությունը։
  2. Հաշտարարը պարտավոր է ապահովել, որպեսզի որևէ կողմ չգտնվի անբարենպաստ կամ ճնշված վիճակում։

Հոդված 4․ Հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքը

  1. Հաշտարարն իր գործունեությունն իրականացնում է անկախ, անկողմնակալ և չեզոք՝ զերծ մնալով որևէ կողմի շահերի պաշտպանությունից։
  2. Հաշտարարը չի տրամադրում իրավական խորհրդատվություն և չի գնահատում վեճի իրավական հեռանկարները։
  3. Հաշտարարության ընթացքում կիրառվող ընթացակարգերը պետք է լինեն ճկուն, արդյունավետ և համաչափ՝ ուղղված վեճի արագ և փոխադարձ ընդունելի կարգավորմանը։
  4. Հաշտարարը իրավունք չունի որևէ դատական, արբիտրաժային կամ վեճերի լուծման այլ վարույթում հանդես գալ որպես դատավոր, արբիտր, փորձագետ, կողմի ներկայացուցիչ, փաստաբան կամ վարույթի այլ մասնակից, եթե այդ վարույթը վերաբերում է իր կողմից իրականացված հաշտարարության գործին։

Գլուխ 3. Հաշտարարության սկիզբը

 

Հոդված 1. Հաշտարարության նախաձեռնումը

  • Հաշտարարությունը կարող է նախաձեռնվել՝ կողմերի համաձայնությամբ (կամավոր), օրենքով նախատեսված դեպքերում (պարտադիր), կամ դատարանի ուղեգրմամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Հաշտարարության վերաբերյալ դիմումը ներկայացվում է գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային ձևով, և պետք է պարունակի առնվազն՝ կողմերի նույնականացման տվյալները, հաշվառման հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները (առկայության դեպքում), կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև վեճի համառոտ նկարագրությունը և առկա դատական վարույթի վերաբերյալ տեղեկություն (եթե այդպիսին կա)։
  • Հաշտարարության նախաձեռնումը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ օրենքով սահմանված դեպքերում դիմել դատարան կամ շարունակել արդեն հարուցված դատական վարույթը։

Հոդված 2. Հաշտարարության սկիզբը՝ նախնական համաձայնության առկայության դեպքում

  • Եթե կողմերի միջև առկա է նախապես կնքված պայմանագիր կամ առանձին գրավոր համաձայնություն, որով նախատեսված է վեճի լուծումը Կենտրոնի միջոցով հաշտարարությամբ, ապա գործընթացի մեկնարկի օր է համարվում այն օրը, երբ կողմերից առնվազն մեկը Կենտրոնին ներկայացնում է գրավոր դիմում։
  • Ներկայացվող դիմումին կցվում է պայմանագրի կամ գրավոր համաձայնության պատճենը, որով ամրագրված է կողմերի միջև Կենտրոնի միջոցով հաշտարարությամբ վեճը լուծելու համաձայնությունը։

Հոդված 3. Հաշտարարության նախաձեռնումը՝ նախնական համաձայնության բացակայության դեպքում

  • Եթե կողմերի միջև առկա չէ նախապես կնքված համաձայնություն, վեճի կողմերից ցանկացածը կարող է նախաձեռնություն հանդես բերել՝ Կենտրոն ներկայացնելով գրավոր դիմում։
  • Դիմումը ստանալուց հետո Կենտրոնը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է մյուս կողմին կամ կողմերին՝ տեղեկացնելով ներկայացված առաջարկի մասին։
  • Կողմերի միջև համաձայնության ձեռք բերվելու դեպքում հաշտարարության մեկնարկի օր է համարվում այն օրը, երբ Կենտրոնը կողմերին ուղարկում է գրավոր հաստատում՝ արձանագրելով համաձայնության առկայությունը և տրամադրելով նախահաշիվն ու անհրաժեշտ ընթացակարգային փաստաթղթերը։
  • Եթե դիմումը մյուս կողմին փոխանցելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում համաձայնություն չի արձանագրվում, հաշտարարության գործընթացը չի համարվում սկսված։

Հոդված 4. Պարտադիր հաշտարարության առանձնահատկությունները

  • Օրենքով կամ դատարանի կողմից սահմանված պարտադիր հաշտարարության դեպքում գործընթացն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով։
  • Պարտադիր հաշտարարության կազմակերպումն ու ավարտը ենթակա են համապատասխան արձանագրման՝ սույն Կանոններին և օրենքին համապատասխան։
  • Պարտադիր հաշտարարության չկայանալու կամ անհաջող ավարտի դեպքում հաշտարարը ապահովում է համապատասխան փաստաթղթի կազմումը՝ օրենքով նախատեսված ձևով և ժամկետներում։
  • Դատարանի ուղեգրման դեպքում Կենտրոնն ապահովում է միայն հաշտարարության կազմակերպումը և օրենքով նախատեսված փաստաթղթային ձևակերպումը՝ առանց բովանդակության բացահայտման և գաղտնիության սկզբունքի պահպանմամբ։
  • Դատարան փոխանցվող տեղեկատվությունը սահմանափակվում է բացառապես օրենքով նախատեսված ծավալով և չի ներառում հաշտարարության ընթացքում հնչեցված առաջարկները, հայտարարությունները կամ քննարկումները։

Գլուխ 4. Հաշտարարի ընտրությունը, նշանակումը: Հաշտարարի և Կենտրոնի պատասխանատվությունը

 

Հոդված 1. Հաշտարարի ընտրությունը և նշանակումը

  1. Կողմերը հաշտարարին ընտրում են Կենտրոնի հաշտարարների ցանկից։
  2. Եթե կողմերը հաշտարարության նախաձեռնումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում չեն ընտրում հաշտարար, հաշտարարը նշանակվում է Կենտրոնի կողմից՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, մասնագիտացումը և գործերի քանակը։
  3. Հաշտարարի նշանակման ժամանակ ապահովվում է նրա անկախությունը, մասնագիտական համապատասխանությունը և շահերի բախման բացակայությունը։

Հոդված 2. Շահերի բախման բացահայտումը

  1. Հաշտարարը պարտավոր է մինչև հաշտարարության սկսվելը բացահայտել ցանկացած հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել իր անկախությունը կամ անկողմնակալությունը։
  2. Նման հանգամանքների առկայության դեպքում կողմերն իրավունք ունեն համաձայնել հաշտարարի մասնակցությանը կամ պահանջել նրա փոխարինումը։
  3. Շահերի բախում հայտնաբերվելու և կողմերի անհամաձայնության դեպքում հաշտարարը փոխարինվում է այն նույն կարգով, որը նախատեսված է ընտրության կամ նշանակման համար։

Հոդված 3. Համահաշտարարությունը

  1. Կողմերի համաձայնությամբ կարող է նշանակվել մեկից ավելի հաշտարար (համահաշտարարություն)։
  2. Համահաշտարարների լիազորությունները և գործառույթները սահմանվում են կողմերի համաձայնությամբ կամ Կենտրոնի կողմից։

Հոդված 4. Հաշտարարի պարտականությունները

  • Հաշտարարը պարտավոր է ապահովել գործընթացի արդյունավետությունը, կողմերի հավասարությունը և գաղտնիությունը։
  • Հաշտարարը պարտավոր է գործել բարեխղճորեն և մասնագիտական էթիկայի պահանջներին համապատասխան։

Հոդված 5. Այլ մասնակիցները

  • Կողմերը կարող են մասնակցել հաշտարարությանը անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով։
  • Ընտանեկան վեճերի դեպքում, կողմերի համաձայնությամբ և հաշտարարի հայեցողությամբ, կարող են ներգրավվել ընտանիքի այլ անդամներ։
  • Անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել թարգմանիչ կամ այլ մասնագետ։
  • Ներգրավված անձինք պարտավոր են պահպանել գաղտնիության պահանջները։

Գլուխ 5. Հաշտարարության գործընթացի իրականացումը

 

Հոդված 1․ Հաշտարարության ընթացակարգը

  • Հաշտարարությունը ճկուն գործընթաց է։ Հաշտարարը և կողմերն ազատ են որոշելու գործընթացի վարման իրենց համար նախընտրելի ձևաչափը և ընթացակարգը՝ առաջնորդվելով Կենտրոնի Կանոններով, ուղեցույցներով և ՀՀ օրենսդրությամբ։
  • Ընտրված ձևաչափը և ընթացակարգը չի կարող հակասել օրենսդրական պահանջներին և սույն Կանոններին։
  • Հաշտարարությունը սկսվում է հաշտարարի կողմից կողմերի հետ նախնական հանդիպմամբ, որի ընթացքում պարզաբանվում են կանոնները, սկզբունքները և կողմերի ակնկալիքները։
  • Հաշտարարությունն իրականացվում է համատեղ և (կամ) առանձին հանդիպումների միջոցով՝ հաշտարարի կողմից ընտրված առավել արդյունավետ ձևաչափով։
  • Հաշտարարը չի կայացնում պարտադիր որոշումներ և չի պարտադրում կողմերին լուծումներ, այլ աջակցում է նրանց՝ սեփական լուծումը ձևակերպելու հարցում։

Հոդված 2․ Հաշտարարության վայրը և լեզուն

  1. Հաշտարարության վայր է համարվում Կենտրոնի գործունեության վայրը, եթե կողմերը այլ բան չեն նախատեսում։
  2. Հաշտարարության լեզուն հայերենն է։ Այլ լեզու նախատեսելու պարագայում գործընթացին կարող է ներգրավվել թարգմանիչ։

Հոդված 3. Առցանց հաշտարարությունը

  1. Կողմերի և հաշտարարի համաձայնությամբ հաշտարարությունը կամ դրա մի մասը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ։

Հոդված 4․ Հաշտարարության առաջին հանդիպումը

  1. Առաջին հանդիպումը նշանակվում է Կենտրոնի կողմից հաշտարարի նշանակվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան կողմերի պատշաճ ծանուցումն ապահովելու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Առաջին հանդիպման օրը, ժամը, վայրը, օրակարգը և այլ վերաբերելի հարցեր որոշում է հաշտարարը՝ կողմերի հետ խորհրդակցելուց հետո։
  3. Առաջին հանդիպմանը հաշտարարը նույնականացնում է կողմերին և ներկայացուցիչներին, իսկ կողմերի հետ միասին որոշվում է հաշտարարության անցկացման ձևաչափն ու ընթացակարգը։

Գլուխ 6. Հաշտարարության գործընթացի ավարտը

 

Հոդված 1. Հաշտարարության ավարտ

  • Հաշտարարությունն իրականացվում է ողջամիտ ժամկետներում, որը, որպես կանոն, չի կարող գերազանցել մեկ ամիսը։ Բացառիկ դեպքերում այն կարող է տևել մեկ ամսից ավելի։
  • Սույն Կանոնների ներքո նախաձեռնված գործընթացը ավարտվում է հաշտարարի կողմից համապատասխան արձանագրությամբ, որը ոչ ուշ, քան հաջորդ օրը տրամադրվում է կողմերին։
  • Հաշտարարը ավարտի մասին արձանագրության վերաբերյալ ծանուցում է Կենտրոնին՝ տրամադրելով արձանագրության պատճենը։

Հոդված 2. Հաշտության համաձայնություն

  1. Հաշտարարության գործընթացը հաշտությամբ ավարտելու պարագայում կողմերի միջև կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն։
  2. Հաշտության համաձայնությունը, բացի կողմերից, ստորագրում է նաև հաշտարարը՝ նշում անելով, որ համաձայնությունը կնքված է հաշտարարության արդյունքում։
  3. Հաշտության համաձայնության կամ հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրության մեկական օրինակ, ոչ ուշ, քան հաջորդ օրը տրամադրվում է կողմերին՝ հավելվածով նախատեսված բացառությամբ։
  4. Հաշտարարը կարող է աջակցել կողմերին համաձայնության ձևակերպման հարցում, սակայն չի հանդիսանում դրա կողմ և պատասխանատվություն չի կրում բովանդակության համար։

Գլուխ 7. Գաղտնիությունը

 

Հոդված 1․ Ընդհանուր կանոն

  1. Հաշտարարությունը գաղտնի գործընթաց է։ Կողմերը, հաշտարարը, Կենտրոնը և բոլոր ներգրավված անձինք պարտավոր են պահպանել գործընթացին առնչվող ցանկացած տեղեկության գաղտնիությունը։
  2. Ցանկացած փաստաթուղթ, հաղորդակցություն կամ տեղեկություն, որն ի հայտ է եկել կամ ստեղծվել է հաշտարարության ընթացքում, չի կարող հրապարակվել, քանի դեռ կողմերը գրավոր համաձայնություն չեն տվել։
  3. Գաղտնիությունը տարածվում է նաև հաշտության համաձայնության վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա հրապարակումն անհրաժեշտ է համաձայնության կատարումն ապահովելու համար։

Հոդված 2․ Գաղտնիության բացառությունները

Հաշտարարության ընթացքում բացահայտված տեղեկությունները՝ ներառյալ փաստաթղթերը, հաղորդակցությունները, նամակագրությունը, դիրքորոշումները, առաջարկությունները կամ հայտարարությունները, չեն կարող օգտագործվել որպես ապացույց և չեն կարող որևէ կերպ ազդել կողմերի իրավունքների վրա հետագա արբիտրաժային, դատավարական կամ վեճերի կարգավորման այլ վարույթում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ կամ կողմերի միջև առկա է հակառակի մասին համաձայնություն։

Գլուխ 8. Պատասխանատվության սահմանափակումը

 

  • Հաշտարարը պատասխանատվություն է կրում միայն իր մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կամ անբարեխիղճ իրականացման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Հաշտարարը չի գնահատում վեճի իրավական հեռանկարները և չի կանխորոշում կողմերի հնարավոր հաղթանակը կամ պարտությունը որևէ վարույթում։
  • Հաշտարարը և Կենտրոնը պատասխանատվություն չեն կրում հաշտության համաձայնության բովանդակության կամ դրա կատարման համար։
  • Հաշտարարը և Կենտրոնը պատասխանատվություն չեն կրում հաշտարարության չկայանալու համար, եթե գործել են բարեխղճորեն և սույն Կանոններին համապատասխան։
  • Կենտրոնը չի հանդիսանում վեճի կողմ և չի կրում պատասխանատվություն կողմերի միջև առաջացած իրավահարաբերությունների համար։

Գլուխ 9. Եզրափակիչ դրույթներ

 

  • Հաշտարարը, Ընկերությունը, նրա աշխատակիցներն ու ներկայացուցիչները պատասխանատվություն չեն կրում հաշտարարության գործընթացի հետ կապված որևէ գործողության կամ անգործության համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  • Սույն կանոնները հաստատվել են «Դիջիթալ Արբիտրաժային կենտրոն» ՍՊ ընկերության մասնակցի 16.03.2026թ. թիվ 3 որոշմամբ և կարող են փոփոխվել միայն վերջինիս կողմից։
  • Կանոնները ուժի մեջ են մտնում ընդունման պահից։

Հավելված 1. Հաշտարարության ծախսերը և այլ վճարներ

  1. Սույն կանոններում նշված հաշտարարության վճարը ներառում է՝

    1) Հաշտարարության կազմակերպչական ծախսեր,

    2) Հաշտարար(ներ)ի վարձատրությունը,

    3) Փորձագետի, մասնագետի կամ այլ անհրաժեշտ ծախսեր։

  2. Հաշտարարության հետ կապված ծախսերի և վճարների հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝

    1) Կազմակերպչական ծախս՝ 50,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները),

    2) Հաշտարար(ներ)ի վարձատրություն՝ մինչև 4 ժամ՝ 140,000 ՀՀ դրամ, այնուհետև յուրաքանչյուր ժամը՝ 40,000 ՀՀ դրամ։

  3. Նշված ծախսերը ենթակա են փոփոխման՝ հաշվի առնելով գործի բնույթը, բարդությունը և այլ վերաբերելի հանգամանքներ։
  4. Որպես կանոն, կողմերը հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ սահմանում են, թե ինչ եղանակով է բաշխվում վճարելու պարտականությունը։ Համաձայնության բացակայության դեպքում վճարը բաշխվում է հավասարաչափ։
  5. Հաշտարարության վճարը կողմերը վճարում են հաշտարարության սկսվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ այլ գրավոր համաձայնություն։
  6. Պարտադիր հաշտարարության դեպքերում նվազագույն ժամերի համար գործում են օրենքով նախատեսված չափերը, որից հետո յուրաքանչյուր ժամի համար կիրառվում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ժամավճարը։
  7. Սահմանված ժամկետում գումարի չվճարման դեպքում Կենտրոնը իրավունք ունի կողմերին չտրամադրել Հաշտության համաձայնության կամ հաշտարարության ավարտման արձանագրության իրենց օրինակը։
  8. Կենտրոնը, ըստ անհրաժեշտության, կողմերի քննարկմանն ու վճարմանն է ներկայացնում նոր հաշիվ հաշտարարության ընթացքում առաջացած այն ծախսերի վերաբերյալ, որոնք ներառված չեն եղել սկզբնական ծախսերում։
  9. Հաշտարարության գործավարության վճարը ենթակա չէ վերադարձի, եթե Կենտրոնը այլ բան չի որոշում՝ հաշվի առնելով բացառիկ հանգամանքները։
  10. Հաշտարարությունից հրաժարվելու կամ հաշտարարության չկայացման այլ դեպքում հաշտարարի վարձատրությունը վերադարձվում է՝ հաշվանցելով հաշտարարի կատարած փաստացի աշխատանքը՝ ըստ սահմանված ժամավճարի։