Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն: Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով: Հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով: Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ:
Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով։ Հաշտարարությունն իրականացվում է կամավորության (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
Արտոնագրված հաշտարար է համարվում օրենքով սահմանված կարգով արտոնագրված հաշտարարի որակավորում ստացած և արտոնագրված հաշտարարների ռեեստրում գրանցված ֆիզիկական անձը:Արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ 25 տարին լրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն:
Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով(պարտադիր հաշտարարություն)․
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի (հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պարունակում է՝
1) համաձայնության կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) կողմերի անունները (անվանումները), նրանց հասցեները.
3) տեղեկություններ այն իրավահարաբերության վերաբերյալ, որից բխող վեճը պետք է լուծվի հաշտարարությամբ, կամ վեճի առարկան:
Նախքան դատարան դիմելը հաշտարորությունը պարտադիր է հետևյալ գործերով՝
1. ամուսնալուծության,
2. երեխայի բնակության վայրի որոշման,
3. ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման,
4. ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման,
5. երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման,
6. երեխայի տեսակցության կարգ սահմանելու,
7. ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման գործերով։
Վերոնշյալ գործերով նախքան դատարան դիմելը կողմերը կարող են չդիմել պարտադիր հաշտարարության այն դեպքում, երբ`
1) կողմերից որևէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.
2) կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ նկատմամբ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար.
3) կողմերից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:
Պարտադիր հաշտարարության դեպքում մինչև 2 ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանվել է հաշտարարի վարձատրության հետևյալ դրույքաչափերը՝
1) մինչև 1 ժամ իրականացված հաշտարարության դիմաց` 25.000 դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ-ն.
2) 1 ժամը գերազանցող յուրաքանչյուր 30 րոպեի համար՝ ևս 10.000 դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ-ն:
* Հաշտարարության կողմերի և հաշտարարի միջև համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը կարող է տարբերվել վերոնշյալ դրույքաչափերից, որը սահմավել է ՀՀ կառավարության կողմից։
Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կրում է հաշտարարությունը նախաձեռնած կողմը` կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում։ Հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կողմերը կրում են հավասարաչափ, եթե հաշտարարությունն իրականացվել է երկու կողմի նախաձեռնությամբ։
Հաշտարարության հիմնական առավելությունները.
1) Կամավորություն
Հաշտարարության գործընթացը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հիմնված է կողմերի կամավոր համաձայնության վրա։ Կողմերը ներգրավվում են գործընթացին իրենց կամքով, ինչը մեծացնում է նրանց ակտիվ մասնակցությունը և նպաստում է արդյունավետ համագործակցությանը։ Այս մոտեցումը մեծացնում է փոխադարձ համաձայնության հասնելու հավանականությունը։
2) Գաղտնիություն
Հաշտարարը պարտավոր է պահպանել հաշտարարական գաղտնիքը։ Գաղտնիք են համարվում՝ հաշտարարության ընթացքում բացահայտված տեղեկությունները, գործընթացի բովանդակությունն ու բնույթը։ Միայն օրենքով նախատեսված դեպքերում է հնարավոր այդ տեղեկությունները հրապարակել։
3) Արագ և ոչ ծախսատար գործընթաց
Հաշտարարությունը սովորաբար արագ է և պակաս ծախսատար՝ համեմատած դատական գործընթացների հետ, որոնք կարող են պահանջել պետական տուրք, փաստաբանի վարձատրություն և այլ ծախսեր։ Հաշտարարության ծախսերը կողմերը հաճախ կարող են բաշխել հավասարապես, ինչը զգալիորեն նվազեցնում է ընդհանուր ֆինանսական բեռը։
4) Վստահելի և ոչ լարված մթնոլորտ
Հաշտարարության նպատակը ոչ թե հաղթող և պարտվող կողմեր ունենալն է, այլ ստեղծել համագործակցային և վստահության մթնոլորտ, որտեղ կողմերը կարող են հասնել երկողմանի ընդունելի լուծման։ Արդյունքում պահպանվում են ինչպես ընտանեկան, այնպես էլ գործարար հարաբերությունները։
© 2026 | Powered by DAC
Օրինակ 2՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով (Կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Արբիտրաժի վայրը՝ Երևան, լեզուն՝ հայերեն։ Կողմերի, արբիտրաժային Տրիբունալի և Արբիտրաժային դատարանի միջև գրավոր փաստաթղթերի փոխանցումը և ծանուցումների իրականացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:
ՊԱՏՃԵՆԵԼ
Օրինակ 1՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի) կանոնակարգի հիման վրա (կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով։ Արբիտրաժի վայրը քաղաք Երևանն է, իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է։ Վեճը լուծվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերի համաձայն։ Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են պայմանագրով նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե պայմանագրով սահմանված կարգին համապատասպան գրավոր չի հայտնել փոստային հասցեն (գտնվելու վայրը) փոխելու մասին։
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
|
ք.Երևան |
«– –» —————— 202_թ․ |
«___________» ընկերությունը, հասցե` _________________, ի դեմս___________________________, և «__________________» ընկերությունը, հասցե` ____________________, ի դեմս __________________, (այսուհետ միասնաբար հիշատակվելիս` Կողմեր) կնքեցին սույն համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմերը պայմանավորվում են __________ պայմանագրից բխող բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնել «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ–ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին ` համաձայն վերջինիս կանոնակարգի՝
2.Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է։
3.Արբիտրաժի վայրը ք. Երևանն է։
4.Վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերին համաձայն։
5.Սույն համաձայնությունը կկիրառվի ցանկացած դեպքում, երբ կողմերի միջև կծագի սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանագրից բխող վեճ։
6.Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ–ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին կանոնակարգը տեղակայված է Ընկերության պաշտոնական ինտերնետային www.e-arbitrage.am կայքում:
Սույն համաձայնության կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են համաձայնությամբ նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե գրավոր չի հայտնել փոստային հասցեն կամ գտնվելու վայր փոխելու մասին։